ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․
Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։
— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
— Ես էլ չունեմ։
— Չատի․․․ Մատի․․․
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք․․․
Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․
— Հադի, դանա՜կ․․․
Թե՝ դանակ չունեմ։
— Հյուդի, դու․․․
― Ես էլ չունեմ․․․ — Չատի՞, Մատի՞․․․
— Մենք էլ չունենք։
— Բա ի՞նչ անենք․․․
Հերս էլ ունի, բերան չունի։
Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։
Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։
Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։
— Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։
Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։
Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։
Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։
Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։
Կինը բարկանում է.
— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։
— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
Կինը հանգստանում է, տանում է պահում։
Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
Տղեն կանգնում է։
— Ա´խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
— Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…
— Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում։
— Դե արի տար։
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը։
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
— Հա , էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ։
— Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…
— Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի, կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ։
— Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես՝ հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց։
— Այ էն կողմը։
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։
Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
Գալիս է հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անցկացա՞վ։
— Անցկացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ինչպես պետք է անես, ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։
— Հա՜, էդ լավ ես ասում։
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
Էս մարդը ոտով գնում է, գնում, տեսնում է չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրնձի համար, կնիկը ձիու։.
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ
Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։
Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։
Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս ոարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։
— Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,— ասում է ծառան։
— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։
Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թոդ իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։
Ասում է լավ. համաձայնում է։
Պայմանը կապում են ու մտնում ծառայության։
Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային ղրկում է արտը հնձելու։
— Գնա՛,— ասում է,— քանի լուս-լուս է հնձի, որ մութն ընկնի կգաս։
Ծառան գնում է ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է.
— Էդ ո՞ւր եկար։
— Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։
— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի…
— Էդ ո՞նց կլինի…— զարմանում է ծառան։
— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։
— Չէ՛, չեմ բարկանում…, ես միայն ասում էի՝ հոգնած եմ… Մի քիչ հանգստանամ…— կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։
Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։
— Վա՛յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ…— սկսում է հայհոյել հուսահատված։
— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը. Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։
Ու պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի։
Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։
— Հը՛, ի՞նչ արիր,— հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլխին էկածը պատմում, ինչպես որ պատահել էր։
— Բան չկա,— ասում է փոքրը,— դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։
Վեր է կենում հիմի էլ փոքր ախպերն է գնում ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ։
Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է։
— Չէ , էդ քիչ է,— հակառակում է տղեն։— Թե դու բարկանաս, դու ինձ երկու ոազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու ոազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։
— Լա՛վ,— ուրախանում է հարուստը։ — Պայմանը կապում են ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։
Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղից։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։
— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՜, օրը ճաշ դառավ։
— Հը՞, բարկանո՞ւմ ես դու…— գլուխը վեր է քաշում ծառան։
— Չէ´ , չեմ բարկանում,— վախեցած պատասխանում է տերը, միայն ասում եմ՝ պետք է արտը գնանք հնձելու։
— Հա, որ էդ ես ասում ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։
Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։
— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜…
— Հը´, հո չե՞ս բարկանում։
— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք…
— Լա՛, էդ ուրիշ բան է. թե չէ՝ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։
— Էլ ինչ հնձելու ժամանակ է,— ասում է ծառան,— տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։
Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է՝ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞»։ Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։
— Տո´, վեր կաց է, մթնեց է՛, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց… Վա՜յ քու դեսը ղրկողի վիզը կոտրվի, վա՜յ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ… էս ինչ կրակի մեջ ընկա…— սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։
— Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։
— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։
— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես, վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։
Գալիս են տուն։ Տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են թե՝ գնա ոչխար մորթի։
— Ո՞րը։
— Որը կպատահի։
Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս ոարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է, գոռում.
— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր…
— Դու ասիր՝ «ո՛ր ոչխարը պատահի , մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին բոլորը մորթեցի, ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,— բայց կարծեմ դու բարկանում ես…
— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ…
— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։
Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան՝ կկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն…
Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. «կուկո՛ւ, կուկո՛ւ…»
— Ըհը´, աչքդ լուս,— ասում է ծառային տերը.— կկուն կանչեց, ժամանակդ լրացավ…
Տդեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։
— Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կեսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է…
Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը.
— Վա՛յ, չզարկես, աստծու սիրուն… սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը…
— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես…
— Հա՛, ախպեր, հերիք էր. արի՝ ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ։ Իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը՝ թե «մարդ ինչ անի, իրեն կանի»։
Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն-իրեն միտք է անում.
— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի…
— Վա՛յ, Կիկոս ջան, վա՜յ…
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է՝ սկսում է սուգ անել.
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Գնա՛ մի տե՛ս, քույրդ ընչի՛ ուշացավ։
Միջնեկ աղջիկն է գնում։
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։
— Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։
— Ի՞նչ Կիկոս։
— Բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
— Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է.
— Աղջի՛, մի գնա տես քույրերդ ի՞նչ եղան։ Գնացին, ետ չեկան։
Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում՝ երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։
— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։
Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ;— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս։
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում։
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են.
— Արի , արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եկել։
— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։
Մարդը տեսնում է՝ կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։
Վեր է կենում գնում։
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
— Արի , արի՛, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել… վա՜յ քու Կիկոսին…
— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում,— զարմանում է մարդը։
Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր՝
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին…
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան…
— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու ադջկերք։
Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է.
— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր։
Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։
— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.
— Դե գնա ինձ համար ջուր բեր։
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։
— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղբյուրն ասում է.
— Դե գնա կուժ բեր։
Աղվեսը գնում է աղջկա մոտ։
— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Աղջիկն ասում է.
— Դե գնա ուլունք բեր ինձ համար։
Աղվեսը գնում է չարչու մոտ։
— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Չարչին ասում է.
— Դե գնա ինձ համար ձու բեր։
Աղվեսը գնում է հավի մոտ։
— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Հավն ասում է.
— Դե գնա ինձ համար կուտ բեր։
Աղվեսը գնում է կալվորի մոտ։
— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։