
Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:
Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը: Հարթավայրը տարացք է որը Շատ հարթ է և հեշտ են հող մշակում
2. Ի՞նչ է բլուրը: Բլուրը ցածր սար է
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից: Լեռը բարձր սար է։ Տարբերվում է բլրից բարձրությամբ
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը: Ստորոտ, լանջ, գագաթ
5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին: Հարթավայրերում մարդիկ զբաղվում են հորղագործությամբ, ծառեր աճացնելով։ Իմ մայրիկի տատիկը Լոռու մարզի Ճոճկան գյուղում շատ ծառեր ունի աճեցրած հիմա մի քանիսը կներկայացնեմ՝ Թթի ծառ, Գիլասի ծառ, նռան ծառ, թուզի ծառ, արքայանարինջի, խաղողի վազ, և այլն։