Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ականատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամպում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությունից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տարբեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:
Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:
Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:
Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:
Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայրում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են եղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանակում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:
Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացության, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է եղանակը:
- Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
- Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: