ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն Խորենացին մահացել է 490- ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ: 1993 թ-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:
Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները: Գրչագիր գանձարաններում «Մովսես քերթող»-ի անունով պահպանված է երկու տաղ. մեկը նվիրված Տրդատ թագավորին, մյուսը՝ Գրիգոր Լուսավորչին։ Իսկ շարականների հեղինակների միջնադարյան ցուցակներում Խորենացուն հատկացվում են բազմաթիվ ստեղծագործություններ։